Մենք Գյումրիին և Շիրակին պետք է նայենք շատ ավելի լայն հեռանկարում՝ որպես մեր Հյուսիսային դարպասի․ ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Շիրակի մարզպետարանում՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նախագահին են ներկայացրել Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում անցնող տարվա ընթացքում իրականցված բնակարանաշինական, բարեկարգման և մարզային ենթակառուցվածքներում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ընթացիկ վիճակը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագահին է զեկուցել գալիք տարվա սուբվենցիոն և ճանապարհային ենթակառուցվածքներում նախատեսվող ծրագրերի, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ մայրուղու և միջհամայնքային ճանապարհների կառուցման և հիմնանորոգման նախագծերի մանրամասները:
Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նախագահին է ներկայացրել հիմնադրամի կողմից արդեն իսկ կատարված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու դրանց վերաբերյալ մանրամասները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի և Գյումրիի մի շարք խնդիրներ և դրանց լուծման ուղիները, մասնավորապես Նազելի Բաղդասարյանն ու Վարդգես Սամսոնյանն անդրադարձել են Գյումրիում պատկերասրահ և համերգասրահ ունենալու հարցին:
«Առնվազն տարօրինակ է, որ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին չունի ո՛չ պատկերասրահ, ո՛չ համերգասրահ, և արդյունքում երկրաշարժից հետո Գյումրու պատկերասրահի մշակութային ժառանգությունը գտնվում է Ազգային պատկերասրահի նկուղներում ու պահոցներում և դրանով իսկ ֆիզիկապես վտանգված է»,- նշել է Շիրակի մարզպետը:
Քննարկման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Շիրակում մշակութային և հնարային կյանքի աշխուժացմանն ուղղված ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ բարեգործական հիմնադրամների կողմից եկող նախաձեռնություններին և ծրագրերին:
«Մենք Գյումրիին և Շիրակին պետք է նայենք շատ ավելի լայն հեռանկարում՝ որպես մեր Հյուսիսային դարպասի, որպես տնտեսական ու հաղորդակցային կարևորագույն հանգույցի և, իհարկե, ակտիվ մշակութային կենտրոնի տեսանկյուններից և ջանք չպետք է խնայենք, որ ներկայումս արդեն իսկ ակնհայտ վերափոխվող Գյումրին է՛լ ավելի զարգանա ու ծաղկի՝ վերստանալով իր նախկին դերն ու նշանակությունը»,- ընդգծել է նախագահը:
Կարծիքներ