ԿԿայանա «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. Շորժայից Ծովագյուղ հատվածը փակ է լինելու
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման ու հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):
Մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Մասնակիցներին մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 06:40-ին, կլինի Երևանի Սասունցի Դավիթ կայարանում:
Ժամը 07:15-ին նախատեսվում է գնացքի մեկնումը դեպի Շողակաթ՝ առանց կանգառի: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը ժամը 12:30-ին նախատեսված է Շողակաթ համայնքից: Երևան վերադարձը՝ ժամը 17:00-ին Սևանի կայարանից:
Այն մասնակիցները, որոնք մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում՝ Շողակաթ համայնքում, պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ՝ ժամը 10:30-ին, անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:
Մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 28-ին` ժամը 10:00-18:00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։
Կարծիքներ