Մոլդովան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների երկրորդ փուլը
Մոլդովայում մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան։
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Քիշնևում է, որտեղ հանդիպումներ է ունեցել մոլդովացի պաշտոնյաների հետ, ովքեր պատասխանատու են եվրաինտեգրման բանակցային գործընթացի համար։
Մոլդովան սկսեց ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը՝ երկկողմանի սքրինինգով, ինչը նախատեսում է օրենսդրության վերլուծական վերանայում և թեկնածու երկրի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման գնահատում: Եվրոպական օրենսդրության մեջ «Պետական գնումներին» առնչվող հոդվածն անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական պետության պատշաճ գործունեության համար, քանի որ այն վերաբերում է պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը», - ասել է Գերասիմովան։
Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին նշել է, որ երկկողմ սքրինինգի առաջին հանդիպմանը մասնակցել է Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, ով խոսել է գործընթացի ընթացակարգի մասին։
2022 թվականի հունիսին ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ՝ մի քանի խիստ պայմաններ սահմանելով անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար։ ԵՄ-ն բազմիցս խոստովանել է, որ նման որոշումը հիմնականում խորհրդանշական էր՝ Մոսկվային դեմ Կիևի և Քիշնևի դիմակայությանն աջակցելու համար։
Կարծիքներ