Շուրջ 900 հետազոտողի համար 20%-ի փոխարեն սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ. Մխիթար Հայրապետյան

Շուրջ 900 հետազոտողի համար 20%-ի փոխարեն սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ. Մխիթար Հայրապետյան

Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D, ԳՀ/ՓՄ) ծրագրերը ժամանակակից տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից են՝ նպաստելով նորարարությանը, տեխնոլոգիական առաջընթացին և երկարաժամկետ մրցունակության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետությունում վերջին՝ 2025թ․ օրենսդրական նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ պետությունը ռազմավարական նշանակություն է տալիս R&D գործունեությանը՝ այն դիտարկելով որպես տնտեսական աճի, բարձր տեխնոլոգիաների զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հիմնասյուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

 

«Նախորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային արտոնություններն էապես մեծացնում են R&D աշխատանքներ իրականացնելու գրավչությունը բիզնեսի համար։ Նախ և առաջ, R&D աշխատանքներում ներգրավված աշխատողների համար սահմանվել է եկամտային հարկի 10% դրույքաչափ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում։

 

Միաժամանակ, R&D ծրագրի շրջանակում ձեռքբերվող հիմնական միջոցների համար կիրառվում է արագացված ամորտիզացիոն մեխանիզմ՝ սակայն ոչ պակաս քան 1 տարին՝ թույլ տալով ընկերություններին արագ վերադարձնել ներդրված միջոցները։

 

R&D ծրագրերում մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատավարձերի գծով կազմակերպություններն օգտվում են շահութահարկի հաշվարկման ժամանակ լրացուցիչ 200% նվազեցման հնարավորությունից։ Բացի այդ, որոշ գործարքներ ու գործառնություններ ազատվում են ԱԱՀ-ից, շահութահարկի բազայի որոշման ընթացքում համախառն եկամուտը նվազեցվում է R&D աշխատանքների վրա կատարվող ծախսերի չափով։

 

Այս արտոնությունները հատկապես կարևոր են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող տնտեսավարողների համար, քանի որ R&D գործունեությունը բնույթով ռիսկային է և պահանջում է երկարաժամկետ ներդրումներ՝ առանց անմիջական երաշխավորված արդյունքի։ Պետական աջակցությունը խրախուսում է մասնավոր հատվածի ներգրավվածությունը գիտության և նորարարության ոլորտում։

 

Մեր նպատակն է ոչ միայն նոր արտադրանքների և տեխնոլոգիաների ստեղծումը, այլև Հայաստանի դիրքի ամրապնդումը որպես գիտահեն և բարձր ավելացված արժեք ստեղծող տնտեսություն։ Այն համահունչ է ՀՀ կառավարության երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերին և կարևոր դեր ունի երկրի տնտեսական անվտանգության, արտահանման ներուժի և կայուն աճի ապահովման գործում։

 

Մինչ այժմ 67 կազմակերպությունների մոտ 80 ծրագրեր որակվել են որպես R&D աշխատանքներ, որոնցում ներգրավված շուրջ 900 աշխատակցի համար 20%-ի փոխարեն սահմանվել է եկամտային հարկի 10% դրույքաչափ»,- գրել է նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում