Ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ Հայաստանի կայուն զարգացման ուղի. քննարկում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ Հայաստանի կայուն զարգացման ուղի. քննարկում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի Եվրոպայի տարածաշրջանի պարբերական զեկույցների ամփոփիչ նիստը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության մոնիթորինգը հստակեցրել է ժառանգության արդի իրավիճակը, դրա պահպանությանն ու փոխանցմանն առնչվող հարցերը, որոնք ներկայում կարևորվում են երկրի կայուն զարգացման նպատակների ուղղությամբ իրականացվող գործընթացների համատեքստում։

Այս թեմաների շուրջ զեկույց է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը` նշելով, որ զեկույցի պատրաստման գործընթացը հստակեցրել է ժառանգության պահպանության արդյունավետությունը բարձրացնելու մի շարք նոր ուղղություններ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կիրարկման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված տարրերի մասին Հայաստանի պարբերական զեկույցի պատրաստման գործընթացը մասնակցային էր, և ընդգրկվել են հասարակության լայն շրջանակներ՝ նախորդ տարիների ընթացքում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերում մասնակից բազմաթիվ անհատ ստեղծագործողներ, արհեստավորներ, երգիչներ, պարողներ, կարպետագործներ, ասեղնագործներ, արծաթագործներ, երիտասարդական կազմակերպություններ համայնքներից, կամավորներ, փորձագետներ, գիտնականներ, արվեստագետներ, մշակութաբաններ։

Հատկապես կարևորվում է տարեց մարդկանց ներգրավվածությունը, որոնց համար ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումն ու զեկույցի պատրաստման մասնակցությունը «երկրորդ շնչառություն» էր:

Զեկույցի պատրաստման առանձնահատկություններից էր դրա ներառականությունը. մասնակցել են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված արհեստավորները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև նրանց միավորող հասարակական կազմակերպությունները։

Տեղեկանք. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի Եվրոպայի տարածաշրջանի պարբերական զեկույցների ամփոփիչ նիստին մասնակից 60 երկրների շարքում պարբերական զեկույցի պատրաստման լավ փորձը ներկայացնելու նպատակով հրավիրվել էին Հայաստանը, Հունաստանը, Լիտվան, Մակեդոնիան և Իռլանդիան:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում