Արտաշատում տղամարդը մահակով մարմնական ծանր վնասվածք է պատճառել հարևանին․ հարուցվել է քրեական գործ
Մայիսի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը գանգուղեղային վնասվածքով Արտաշատից մի տղամարդու է տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել էր՝ իբր Արտաշատի Օգոստոսի 23-ի և Բակունցի փողոցների խաչմերուկում հեծանվից է ընկել։
Օպերատիվ հարցումներով պարզ էր դարձել, որ նման միջադեպ տեղի չի ունեցել։ Տուժողը վնասվածքը ստացել էր Այվազովսկու փողոցում, որտեղ բնակվում էր և՝ ոչ հեծանվից ընկնելու հետևանքով: Նրան ծեծել էին, հետո ինչ-որ առարկայով խփել գլխին։
Այվազովսկու փողոց մեկնած ոստիկանները հետախուզական միջոցառումներով պարզեցին թե՛ դեպքի հանգամանքները, թե՛ կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի հարևանն էր՝ 35 տարեկան։ Կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, փոխադարձ հարվածներ հասցրել և հենց ծեծկռտուքի ժամանակ էլ հարևանը մահակով խփել էր տուժողի գլխին։
Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 27-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Կարծիքներ