Վարչապետը պատասխանել է օրհներգի փոփոխության հնարավորության մասին հարցին

Վարչապետը պատասխանել է օրհներգի փոփոխության հնարավորության մասին հարցին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու հնարավորության մասին հարցին։

Նա նշել է, որ իր համար պետության սիմվոլները չափազանց կարևոր են։

«Պաշտոնական մակարդակում մենք անընդհատ խուսափել ենք սրա մասին խոսելուց, բայց ոչ պաշտոնական մակարդակում այս խնդիրն անընդհատ եղել է, որովհետև մեր օրհներգի տեքստի, կառուցվածքի և տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, մարդիկ որոշակի խնդիր են տեսնում։ Ես խորը հավատում եմ բառերի նշանակությանը և ընդհանրապես պետական սիմվոլներին հատկապես։ Ես համոզված եմ, որ այդ բառերի, նախադասությունների մեջ կոդ է դրված, որն աշխատում է ինչ-որ ձևով, որովհետև դա ազդակ է մեր բոլորի ենթագիտակցությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է միշտ հաշվի նստել սիմվոլների, պատմության, ավանդույթների հետ։ Փաշինյանն ընդգծեց, որ օրհներգի փոփոխության մասին հարցին չի կարող միանշանակ դրական պատասխան տալ, սակայն չի էլ կարող միանշանակ բացասական պատասխան տալ։

«Մենք անընդհատ ասում ենք՝ պետք չէ այս հարցերը քննարկել, բայց, եթե դրանք անընդհատ ծագում են, ուրեմն դրանք կան։ Դրանք անտեսել չի լինի։ Որևէ ձևով պետք է դրանք հասցեագրել, որի մեջ է նաև՝ քննարկել, գալ եզրակացության»,-նշել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ խնդրի շուրջ խորը մասնագիտական, քաղաքական բարոյական, հոգեբանական ու էմոցիոնալ հարցեր կան։

Ըստ վարչապետի՝  քանի որ թեման առկա է, ապա դրան անդրադարձ պետք է կատարվի, քննարկվի, որի ելքերից մեկն էլ կարող է լինել այն, որ մնում են առկա տարբերակի վրա, և թեման փակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում