Ո՞ր մթերքներն են օրգանիզմում բորբոքում առաջացնում
Սնունդի մեջ որոշ մթերքների գործածումը կարող է առաջացնել օրգանիզմում քրոնիկական բորբոքում։ Այս մասին նշված է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of American College of Cardiology ամսագրում։
Գիտնականները պարզել են, որ կարմիր եւ մշակված մսի, ռաֆինացված հատիկավորների եւ քաղցր ըմպելիքների մեծ քանակությամբ սննդակարգը օրգանիզմում բորբոքում է առաջացնում։ Արդյունքում մեծանում է կաթվածի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Հարվարդի հանրային առողջապահության դպրոցից բժիշկ Ջուն Լիի ղեկավարությամբ հետազոտողները ստեղծել են, այսպես կոչված, սնունդի բորբոքային ինդեքս, որը հիմնված է արյան մեջ բորբոքման բիոմարկերների քանակության գնահատման վրա։ Նրանք այս կերպ կազմել են մթերքների 18 խումբ, որոնք ցույց են տվել առավել ուժեղ կապ բորբոքային բիոմարկերների աճի հետ։
Առավել շատ բորբոքում առաջացնող մթերքների գործածման դեպքում սրտային հիվանդությունների հավանականությունը մեծանում է 46 տոկոսով, իսկ կաթվածների հավանականությունը՝ 28 տոկոսով։
Հնարավոր ռիսկերի նվազեցման համար մասնագետները խորհուրդ են տալիս սնունդի մեջ գործածել ավելի շատ հակաօքսիդանտներ եւ բջջանյութ, որոնք պարունակվում են կանաչ տերեւներով բանջարեղենում, օրինակ՝ կաղամբի, սպանախի, ռուկոլայի (ճարճրուկ ցանովի) մեջ։ Դրանից բացի, օգտակար են դդումը, դեղին պղպեղը, լոբին, գազարը, հատիկավոր մթերքները, սուրճը, թեյը եւ գինին։ Սակայն օրգանիզմում բորբոքումն ամենից շատ նվազեցնում է հունական ընկույզը։
Կարծիքներ