Օրինական շրջածախ առևտուր. Երևանի ավագանին նոր կանոններ սահմանեց
Շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտուր իրականացնելու թույլատրելի վայրերը:
«ՀՀ առևտրի և ծառայությունների մասին օրենքով առևտրի տեսակների մեջ նախատեսված է նաև շրջածախ առևտուրը, սակայն կարգավորումը տրված չի եղել տարիներ շարունակ: Մինչ օրս մեր քաղաքացիները, ովքեր ապօրինաբար՝ առանց իրավական կարգավիճակի էին զբաղվում այդ գործունեությամբ, հնարավորություն կունենան օրենքով սահմանված կարգով, օրինական ճանապարհով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Նոր նախագծի վերաբերյալ Երևանի ավագանու անդամների կարծիքները տարբեր են, այնուհանդերձ, մեծամասնությունը կողմ քվեարկեց։
Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտուր իրականացնելու համար, ըստ վարչական շրջանների, սահմանվել են հստակ վայրեր:
«Վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցել ենք և ստացել համապատասխան եզրակացություններ՝ Երևանի մարդաշատ վայրերում և այգիներում շրջածախ առևտուրը իրականացնելու վերաբերյալ: Հետագայում, եթե կլինեն առաջարկներ, նույն վարչական շրջանների ղեկավարների հետ կհամաձայնեցնենք և կավելացնենք նոր վայրեր: Հիմնականում ընտրվել են մարդաշատ վայրեր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Արմեն Թովմասյանը:
Գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր. ավագանու որոշմամբ, ըստ վայրերի հստակեցվել է նաև թույլատրելի ապրանքների ցանկը:
«Խաղալիքների վաճառքն արգելված է շրջածախ առևտրի կարգավորումներով, քանի որ ինքներս տեսանք, թե ինչպես են խաղալիքները հակասանիտարական պայմաններում վաճառվում: Խաղալիքների առումով գործ ունենք հատկապես երեխաների հետ և անվտանգությունը բացօթյա փողոցային առևտրի պարագայում չենք կարող երաշխավորել: Այս օրենքով և այս կարգավորումներով նաև հնարավորություն է տրվում պաշտպանել սպառողների շահերը, որպեսզի նրանք նույնպես կարողանան հասկանալ, թե ումից են առնում ապրանք, ինչ ապրանք են առնում և իրենց իրավունքները կարողանան պաշտպանել»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:
Քաղաքի մշակութային և զբոսաշրջային կենտրոնում շրջածախ առևտրի նկատմամբ առավել խիստ մոտեցում կցուցաբերվի: Մասնավորապես Հանրապետության ու Ազատության հրապարակներում, Հյուսիսային պողոտայում և Կարապի լճին հարող տարածքում կարելի է վաճառել միայն գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր:
Որոշման համաձայն՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։ Շրջածախ առևտուր իրականացնողը պետք է նաև ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն ունենա։
«Մենք ուղղակի ամրագրել ենք, որ անհրաժեշտ է գնորդին տրամադրել վաճառքի փաստը հավաստող փաստաթուղթ, դա դեռևս փաստ չէ, որ պարտավոր են բոլորն ունենալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Սկզբնական շրջանում նախատեսված է տեղական տուրքի վճարում օրական 500 դրամի չափով, այսինքն՝ ամսական 15000 դրամ, սակայն ավագանին ունի լիազորություն՝ կիրառելու դրույքաչափեր և փոփոխության ենթարկելու այդ դրույքաչափերը՝ նվազեցնել կամ ավելացնել: Ըստ այդմ կտեսնենք սոցիալական խմբերը, ովքեր են ներգրավված այս առևտրում և ըստ անհրաժեշտության այն կփոփոխենք և ավելի հարմարավետ կդարձնենք մեր քաղաքացիների համար»,- նկատում է Հովիկ Սաֆարյանը:
Շրջածախ առևտուր իրականացնելու նշված կարգավորումը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից:
Կարծիքներ