Նարեկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը:
«Քրեական գործն Առաջին ատյանի դատարանի վարույթում է և նախնական դատական նիստով անդրադարձ է եղել կալանավորման հարցին: Այդ որոշումը մենք բողոքարկել ենք Վերաքննիչ դատարանում: Արդյունքում միջնորդությունը բավարարվել է և Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել՝ 25 մլն դրամ գրավի դիմաց»,- նշեց Պիվազյանը:
Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ Երևանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել։ Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն, նրան մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանում իրավապահները հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր։ Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեռևս 2013- ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկար, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել: ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետևանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր։
Լիլիթ Դեմուրյան
Կարծիքներ