Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին
Թուրքական ռազմական պատվիրակությունը ԱՄՆ-ում բանակցություններ է վարում F-16 կործանիչների մատակարարման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենն իրեն խոստացել է բոլոր ջանքերը գործադրել՝ համոզելու ԱՄՆ Սենատին վաճառել F-16-ը։
«Թուրքական ռազմական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ՝ բանակցելու F-16 կործանիչների մատակարարման և արդիականացման շուրջ: Կարծում ենք, որ ամերիկյան ղեկավարությունը դրական կգնահատի այս հարցը: Եթե արձագանքը բացասական լինի, ապա Թուրքիան ստիպված կլինի այլընտրանքներ դիտարկել»,- ասել է Աքարը խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի գնման պատճառով։ ԱՄՆ-ն չեղյալ հայտարարեց 2007թ. հունվարին Թուրքիայի կողմից ստորագրված F-35-ի համատեղ հուշագիրը:
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ այն դուրս է մնացել F-35 մատակարարման ծրագրից։
Կարծիքներ