ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի Գերմանիայից 15 ոստիկան
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ. առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական NTV պարբերականին:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթի խոսքով՝ Գերմանիայի նախարարների դաշնային կաբինետը որոշում է ընդունել այն մասին, որ Գերմանիան հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվող առաքելության կազմում ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով: Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետների ուղարկել:
Ընդհանուր առմամբ, ըստ լրատվամիջոցի, ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի մոտ 100 կին և տղամարդ: Առաքելությունը կգլխավորի Գերմանիայի դաշնային ոստիկանության սպա:
Եվրամիությունը նոր քաղաքացիական անզեն առաքելություն ուղարկելու մասին որոշում է կայացրել հունվարի 23-ին՝ Հայաստանի կառավարության հրավերի հիման վրա։ 2 տարի ժամկետով նախատեսված առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի մոնիթորինգն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն աջակցելը:
Ըստ ԵՄ մանդատի՝ առաքելության նպատակն է նաև նվազեցնել ռիսկերը այնտեղ ապրող բնակչության համար, ինչպես նաև նպաստել երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Կարծիքներ