Ներկայացվել է Հայաստանի ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրանյութերի և այլ արգելված իրերի օգոստոսի հաշվետու զեկույցը
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:
«Արմավիր», «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալների մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացիներին:
Արդյունքում տեսակցության եկած անձանց մոտ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել բջջային հեռախոսներ և թմրամիջոցին նմանվող տարբեր զանգվածներ:
Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալին:
Արդյունքում վերջինիս մոտ առկա դույլի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են հերոյին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, wi-fi սարք, ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորման լար:
Ավելի վաղ՝ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները զննության էին ենթարկել դատապարտյալներից մեկին և վերջինիս ափից հայտնաբերել կասկածելի փաթեթ, որում ևս առկա էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ բյուրեղանման զանգված։
Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:
Կարծիքներ