Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը
Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային ու իրավական խմբերը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում նկարագրել են վիճելի սահմանային հատվածի ևս 10,76 կիլոմետրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, կողմերի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ից 17-ը Տաջիկստանի Սուղդի շրջանի Բուստոն քաղաքում։ Այս մասին հայտնել է «Խովար» գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կողմերը նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ղրղզստանի տարածքում, որտեղ կշարունակեն աշխատել ընդհանուր պետական սահմանի մնացած հատվածների ուղղությամբ։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ մարտի 15-ին այնտեղ հանդիպում է կայացել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների համանախագահների, երկու երկրների ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահների միջև, որի շրջանակներում քննարկվել են սահմանային հարցեր։
Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, և կողմերի համապատասխան խմբերին տրվել են կոնկրետ հանձնարարականներ տաջիկա-ղրղզական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ՝ շարունակելու աշխատանքը մյուս տարածաշրջաններում ևս երկու պետությունների սահմանների հստակեցման ուղղությամբ:
Կարծիքներ