Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ
Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Ռամդան Լամամրան ՝ հարեւան երկրին մեղադրելով «թշնամական գործողությունների» մեջ, հաղորդել է Reuters-ը:
Մարոկկոն եւ Ալժիրը տասնամյակներ շարունակ լարված հարաբերություններ են ունեցել, հիմնականում՝ Արեւմտյան Սահարայի խնդրի պատճառով. երկրների միջեւ սահմանը փակ է 1994 թվականից:
«Մարոկկոյի թագավորությունը երբեք չի դադարեցրել թշնամական գործողությունները Ալժիրի դեմ», - ասել է նա:
Դիվանագիտական հարաբերությունների խզումը ուժի մեջ կմտնի երեքշաբթի, սակայն հյուպատոսությունները բաց կմնան, ասել է Լամամրան:
Ալժիրը անցյալ շաբաթ հայտարարեց, որ երկրում բռնկված անտառային հրդեհները ահաբեկչական խմբերի գործունեության հետեւանք են, որոնցից մեկին աջակցում է Մարոկկոն:
Լամամրան ասել է, որ Ռաբաթը լրտեսել է Ալժիրի պաշտոնյաներին եւ չի կատարել երկկողմ պարտավորությունները, այդ թվում՝ Արեւմտյան Սահարայի վերաբերյալ:
Ալժիրն աջակցում է POLISARIO շարժմանը, որը ձգտում է Արեւմտյան Սահարայի անկախացմանը, որը, սակայն, Մարոկկոն համարում է իր տարածքի մի մասը:
Կարծիքներ