Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է խոցելի ընտանիքների անասունների համար անասնակերի տրամադրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո համայնքներում մասնակցել է 67 խոցելի ընտանիքների գյուղատնտեսական կենդանիների համար անասնակերի տրամադրմանը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից։
Աջակցությունն իրականացվել է ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար համավարակի պատճառած հետևանքների մեղմմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։ Այցի շրջանակում պաշտոնյաները Գյուլագարակ համայնքում ներկա են գտնվել աջակցության բաշխման գործընթացին։
«էկոնոմիկայի նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ մեր երկարամյա համագործակցությունը, և այս ծրագիրը համատեղ ջանքերով իրականացվող կարևոր նախաձեռնություններից է։ «LEADER» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 11 մլն եվրո, որը նպաստում է քաղ․ հասարակության, մասնավոր հատվածի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությանը՝ ներառական զարգացում ապահովելու նպատակով։ Ընդհանուր ծրագրի մեջ ընդգրկված են ֆերմերային տնտեսությունների տարբեր խմբեր, այդ թվում՝ նաև խոցելի խմբերը, որոնց անհրաժեշտ է օգնել՝ ապահովելու իրենց տնտեսության կայունությունը։ Այս առումով, կարծում եմ, որ տրամադրվող աջակցությունը թիրախային է և ճիշտ ժամանակին։ Էկոնոմիկայի նախարարությունը սերտորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ և շարունակաբար պատրաստակամ է իրականացնել համատեղ նոր զարգացման ծրագրեր», - նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։
Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն էլ իր խոսքում նշել է․ «Ըստ ՊԳԿ-ի՝ աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին, մասնավորապես Լոռու և Տավուշի մարզերում»։
Միջոցառման ընթացքում ֆերմերները գոհունակություն են հայտնել ցուցաբերված աջակցությունից՝ նշելով, որ այն մեծ նշանակություն է ունեցել կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված դժվարությունների պայմաններում։
Կարծիքներ