Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց՝ Սադիկովը Գլխավոր շտաբի պետը չէ․ ո՞վ կփոխարինի նրան

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց՝ Սադիկովը Գլխավոր շտաբի պետը չէ․ ո՞վ կփոխարինի նրան

Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովն այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։ Ադրբեջանական «ԱՊԱ»-ն հարցում է ուղարկել երկրի Պաշտպանության նախարարություն այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվ տեղեկություններ տարածվել, որ Նաջմեդդին Սադիկովը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի և Մոսկվայում սրտի բաց վիրահատության է ենթարկվել։ Նախարարությունից պատասխանել են, որ Սադիկովը ներկայում զինվորական ծառայության մեջ չէ։ «Սադիկովը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ներկայում զինվորական ծառայության մեջ չէ»,- ասվում է գործակալությանը հասցեագրված պատասխանում։

Հիշեցնենք, որ դեռ Արցախյան այս պատերազմի ընթացքում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում էր, որ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել է պաշտոնից, նույնիսկ ձերբակալման մասին տեղեկություններ տարածվեցին։ Ռազմական գործողությունների ակտիվ փուլում էլ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից ամբողջովին հեռացվել էր Սադիկովի մասին տեղեկությունը։

Բացի այդ՝ նա ներկա չէր դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած ռազմական շքերթին։ Նրա հեռացման մասին խոսակցությունները սկսեցին ավելի ակտիվորեն քննարկվել, երբ դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՊՆ ներքին անվտանգության վարչության պետ, Սադիկովի զարմիկ Ռամիլ Ասկերովը։ Նաջմեդդին Սադիկովը Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 1993 թվականից։

Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետը լինելու է Նախիջևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստսաֆաևը։ Ի դեպ, Մուստաֆաևը դեկտեմբերի 23-ին Թուրքիայում հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Այս հանդիպմանը մասնակցել էր նաև Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում