Մարտական հենակետում նռնակի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ. ՔԿ
Այսօր ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած նռնակի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«2021թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող:
Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։
Կարծիքներ