Վարչապետը Գագիկ Ծառուկյանին հանդիպման առաջարկ է արել. Լիլիթ Մակունց

Վարչապետը Գագիկ Ծառուկյանին հանդիպման առաջարկ է արել. Լիլիթ Մակունց

Վարչապետը Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարին նույնպես հանդիպման առաջարկ է արել: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ամեն դեպքում հրավերը գնացել է, մնացածը չեմ կարող ասել՝ ինչպես կընթանան զարգացումները: Եթե հրավերը գնացել է պարոն Ծառուկյանին, չեմ կարծում, թե երկար կտևի հասկանալու՝ արդյոք այդ հանդիպումը կայանալու է, թե ոչ և հանդիպման արդյունքները»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայատսան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպմանը, Մակունցը նշեց, «Այն արձագանքը, որը հնչեցրել է պարոն Մարուքյանը, առ այն, որ լինելու է բանակցությունների երկրորդ փուլ, ես առաջարկում եմ մենք առայժմ ավելի առաջ չգնանք և սպասենք այդ երկորրդ փուլի արդյունքների արձանագրմանը, այնուհետև մենք մեր քայլերի մասին նույնպես կխոսենք»:

Խոսելով երեկ՝ Ազգային ժողովի շենքում դիպուկահարների ներկայության մասին, Մակունցը հիշեցրեց ոստիկանության երեկվա հաղորդագրությունը, ըստ որի ընդդիմության հանրահավաքի ընթացքում սադրանքներ են հնարավոր: «Ենթադրում եմ, որ դիպուկահարների առկայությունը դրանով պայմանավորված միջոցառումների ցանկում է եղել: Անվտանգության հետ կապված որոշումների կայացումը մեր դաշտում չէ, և իրավապահ մարմինները  իրավիճակը գնահատելով կամ իրենց ստացած տեղեկատվության հիման վրա միջոցառում է ձեռնարկում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում