Բայդենի կինը քննադատել Է 75-ից բարձր տարիքի քաղաքական գործիչների մտավոր ունակությունների թեստի գաղափարը
ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը հայտարարել է, որ իր ամուսինը՝ նախագահ Ջո Բայդենը, չի անցնելու մտավոր ունակությունների թեստ: Նա «ծիծաղելի» Է համարել բարձրագույն պաշտոնի հավակնորդների համար նման ստուգում սահմանելու գաղափարը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում: Նախաձեռնությունը պատկանում է Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիքի Հեյլիին: Վերջինս, հայտարարելով 2024 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, առաջարկել է պարտադիր կարգով ստուգել 75-ից բարձր տարիքի բոլոր թեկնածուների ողջամտությունը: «Ծիծաղելի է... Մենք նման բան չենք էլ քննարկի», - ասել է 80-ամյա Բայդենի կինը։
Ջո Բայդենը մշտապես ակնարկում է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար, սակայն նա չի շտապում պաշտոնական հայտարարություն անել։ Եթե Բայդենն ընտրվի երկրորդ ժամկետում, ապա հնարավոր երդմնակալության օրը նա կլինի 82 տարեկան, իսկ հնարավոր երկրորդ ժամկետի ավարտին՝ 86։
ԱՄՆ առաջին տիկինը պատասխանել է իր ամուսնու տարիքի հետ կապված մտահոգություններին՝ հիշեցնելով Բայդենի փետրվարյան ուղևորությունը Կիև: «Քանի՞ 30 տարեկան կարող է գնալ Լեհաստան, գնացք նստել, ևս ինը ժամ ճանապարհ գնալ, ժամանել Ուկրաինա և հանդիպել նախագահ (Վլադիմիր) Զելենսկիի հետ։ Նայեք այս մարդուն: Տեսեք, թե ինչ է նա անում: Տեսեք, թե ինչ է նա շարունակում անել ամեն օր», - ասել Է Ջիլ Բայդենը:
Կարծիքներ