ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին, որ Իսրայելի վրա նրանց հարձակման դեպքում պատրաստ է ռազմական միջամտության․ NYT

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին, որ Իսրայելի վրա նրանց հարձակման դեպքում պատրաստ է ռազմական միջամտության․ NYT

ԱՄՆ պետքարտուղարը չհայտարարված այցով մեկնել է Բաղդադ՝ իր աջակցությունը հայտնելով Իրաքի վարչապետին, ինչպես նաև նախազգուշացնելով Իրանին և իսլամիստական «Հեզբոլլահ» շարժմանը՝ չհարձակվել Իսրայելի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։

Պարբերականը նշում է, որ Էնթոնի Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությունը նպատակ ունի զսպել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ Իսրայելի պատերազմի հետևանքները, ինչպես նաև ուղերձ հղել Իրանին և նրա աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ին, որպեսզի նրանք չմտնեն հակամարտության մեջ։

Ըստ ամերիկյան պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տարածաշրջանային գործընկերների միջոցով ուղերձներ է հղել Իրանին և «Հեզբոլլահ»-ին, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի ռազմական միջամտության, եթե նրանք հարձակումներ սկսեն Իսրայելի դեմ։

Նախքան Իրաք մեկնելը Բլինքենը Հորդանան գետի արևմտյան ափին հանդիպել էր Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 3-ին, Իսրայելի իշխանությունների հետ։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։

Իսկ Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի։ Նրանց թվում կա 4000-ից ավելի երեխա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում