Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ դատապարտվեց 6 ամիս 12 օրով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց և նա ստորագրությամբ ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել էր 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։
Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։
Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:
Կարծիքներ