Գյումրիում ազդարարվել է «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը

Գյումրիում ազդարարվել է «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը

Այսօր Գյումրիում  տեղի է ունեցել Թումո Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են կառավարության  անդամներ, բարերարներ, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին։

Գյումրիում Թումո կենտրոն հիմնելու գաղափարը Շանթ հեռուստաընկերության «Ապագայի համար» հեռուստանախագծի հաջողված  շարունակությունն էր։ 2014-ին «Շանթ»-ը իր գործունեության 20-ամյակի առթիվ Թումո կենտրոն հիմնելու համար համազգային հեռուստամարաթոն նախաձեռնեց:

Հանգանակություների, «Ճոն և Հասմիկ Մկրտիչեան» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության ներդրումների շնորհիվ Թումո Գյումրին նախ սկսեց գործել տեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքում, ապա  2015 թվականին կառավարության որոշմամբ Թումոյին հատկացվեց 1860-ականներին կառուցված պատմաճարտարապետական կառույցներից մեկը։

Թումո Գյումրիում այսօր սովորող աշակերտների և ուսանողների թիվը 2000-ն է։ Նորարարական տեխնոլոգիաները ավելի հասանելի դարձնելու և առաջիկա 5 տարիների ընթացքում ուսանողների թիվը մինչև 80 հազարի հասցնելու նպատակով այսօր տրվել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նոր նախաձեռնության մեկնարկը։

Նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում և Արցախում հիմնել 110 Թումո-տուփեր, որոնք շարժական կայաններ են և տեղադրվելու են մարզերի՝  նախապես ընտրված մեծ ու փոքր բնակավայրերում։

«Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզբիեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում