Շահագործման հանձնվեցին Գորիսի Թումանյան ու դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհները
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Գորիսում կազմակերպված միջոցառումներին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Տոնական հանդիսությամբ բացվեցին ու շահագործման հանձնվեցին Գորիսի Թումանյան ու դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհները, որոնք հիմնանորոգվել են ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերով։
Երկու ծրագրերով ճանապարհների բարեկարգման արժեքը միասին 587 մլն 373 հազ դրամ է, որի մեջ պետական ֆինանսավորման մասնաբաժինը 356 մլն 431 հազ դրամ է, մնացածը՝ համայնքինը։
Օրվա ընթացքում քաղաքի սրտում բացվեց նաև Վիենի (Ֆրանսիա) պուրակը, որը բարեկարգվել ու վերակառուցվել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով։
Նորովի ներկայացող հանգստյան գոտու վերաբացումը նվիրված է Գորիս-Վիեն քույր քաղաքների բարեկամության 30-ամյակին։
Այստեղ նաև ծաղկադրում կատարվեց Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակի խաչքարին։
Հանդիսավոր միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, մարզպետի աշխատակազմի անդամներ, Սյունիքի համայնքների, մարզի ուժային կառույցների ղեկավարները, հյուրեր։
Օրվա ավարտին գորիսեցիներն ու քաղաքի հյուրերը նորոգ ճանապարհով հասան Հին Գորիս, որտեղ կազմակերպվել էր հյուրասիրություն, տեղական արտադրանքի ցուցահանդես, համերգային ծրագիր։
Կարծիքներ