Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն է կանչվել
Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը: Նիստի ժամանակ Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել։Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:
Երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործով անցնողներից Վարդան Թունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, Գասպարյանը հայտնել է վատ ինքնազգացողության մասին, բարձրացել է նրա ճնշումը: Հրավիրվել է շտապօգնություն։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):
8 տարվա ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:
Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու մեջ:
Նրանց վերաբերյալ 2 առանձին գործերը միացվել են և քննվում են մեկ վարույթում:
Կարծիքներ