Շահան Գանտահարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու հավանականությանը

Շահան Գանտահարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու հավանականությանը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հավանականությունը:

«Մեկ ազգ երեք պետություն» բանաձեւը առաջ մղելով՝ Անկարան Բաքվին ներքաշում է Հյուսիսային Կիպրոս։ «Հետաքրքիր է, որ մինչ այժմ Ադրեջանը ներկայացնող որեւէ պատվիրակություն չէր այցելել  Կիպրոսի գրավյալ տարածք եւ ընդհանրապես Բաքուն զգուշանում էր Հյուսիսային Կիպրոսի ճանաչման մասին խոսելուց։ Դա անում էր Բաքվի ավագ եղբայրը։  Պարզ էր Բաքվի վերապահությունը․ նման քայլի գնալու դեպքում որոշ պետություններ կարող էին հակաքայլ գործողություններ անել եւ սպառնալ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, որից զգուշանում էր Ադրբեջանը։ Հիմա իրավիճակ է փոխվել։ Արցախյան պատերազմից եւ Շուշիում հրապարակված Անկարա-Բաքու հռչակագրից հետո Անկարան Բաքվին ածանցում  է նաեւ իր արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններին։ Սա խոսում է Ադրբեջանի անկախ քաղաքականություն վարելու տոտալ կորստի մասին»,- ասաց Գանտահարյանը։ 

Նրա խոսքով՝ Բաքվին կցորդ դարձնելն այս դեպքում կարող է որոշակի հնչեղություն բերել հայկական կողմին՝  Արցախի Հանրապետության ուղղությամբ նոր հայտարարությունների նախադրյալներ ապահովելով։ 

«Առաջին հերթին ԵՄ-ի շրջանակները շեշտում են, որ անհրաժեշտ է խուսափել միջազգային իրավունքի  խախտմամբ միակողմանի գործողություններից՝ ակնարկելով Էրդողանի  այցը Հյուսիսային Կիպրոս։  Միջազգային օրինաչափությունները խախտող Անկարայի յուրաքանչյուր քայլին հետեւելու է հակաքայլ․  այս դեպքում հակաքայլը կհարվածի նաեւ Ադրբեջանին, որը կցորդվել է Անկարային։ Այս տրամաբանությամբ էլ լսելի կլինեն Արցախի մասին հայտարարություններ, որոնք կարծարծեն կարգավիճակի հարցը։ Չեմ կարծում, որ Բաքվի շահերից է բխում Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը։ Որքան էլ Ալիեւը հայտարարի, որ Արցախի հարցը անցյալ է,  նա լավ գիտի, որ հարցը դեռ չի կարգավորվել եւ խաղաթղթային քաղաքական տրամաբանությամբ «ճանաչում ճանաչման դիմաց»-ը կարող է աշխատել»,- եզրափակեց նա։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում