Անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք խմբի առաքումը ԼՂ և Լաչինի միջանցք. ՀՀ վարչապետ
Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալաի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Այս համատեքստում ընդգծել եմ նաև Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիթորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը:
Ցավով պետք է նշեմ, որ, ի հեճուկս բոլոր ջանքերի, մեր տարածաշրջանում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ԼՂ-ում և Լաչինի միջանցքում: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ որ, մեր գնահատմամբ, Ադրբեջանի վերը նշված գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս պարագայում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ»,- նշել է ՀՀ վարչապետը:
Կարծիքներ