Ախթալա խոշորացված համայնքում սուբվենցիոն 9 ծրագիր է իրականացվում

Ախթալա խոշորացված համայնքում սուբվենցիոն 9 ծրագիր է իրականացվում

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով եղել է Ախթալա խոշորացված համայնքում՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին միացել էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը: Մարզի ղեկավարին ուղեկցում էին Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը:

 

Ախթալա խոշորացված համայնքում այս տարի ևս աննախադեպ քանակությամբ ծրագրեր են իրականացվում. ընդհանուր առմամբ 9 ծրագիր՝ շուրջ 404 մլն դրամ պայմանագրային արժեքով: Ընդ որում, ծրագրերի իրականացման աշխարհագրությունն ընդգրկում է խոշորացված համայնքի Ախթալա, Ճոճկան, Շամլուղ և Մեծ Այրում բնակավայրերը:

 

Ախթալա բնակավայրում այս տարի արդեն իսկ հիմնանորգվել են Աբովյան փողոցի թիվ 22 և 23, Շահումյան փողոցի թիվ 22 ԲԲՇ-ների տանիքները: Ճոճկան բնակավայրում տուֆով սալարկման միջոցով ներկայում բարեկարգվում են ներհամայնքային ճանապարհները: Ախթալա և Ճոճկան բնակավայրերում կառուցվում են ավտոկայանատեղիներ, Ախթալա բնակավայրում ասֆալտապատվում և մասնակի բարեկարգվում են ներհամայնքային ճանապարհները:

 

Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 7-րդ, 7-րդ փողոցի 1-ին, Ախթալա քաղաքի Աբովյան 19, Գնունի 1 և Օրջոնիկիձե 1 ԲԲՇ-ների համար իրականացվում է էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր: Շամլուղ բնակավայրում իրականացվում է զբոսայգու վերանորոգում:

 

Ախթալա, Ճոճկան, Շամլուղ, Նեղոց բնակավայրերում կառուցվում են լուսավորության համակարգեր: Ծրագրերի ավարտը նախատեսվում է նոյեմբերի վերջին: Մեծ Այրում բնակավայրում վերանորոգվում է մանկապարտեզը, իսկ Ճոճկան բնակավայրում կառուցվում է ոռոգման համակարգ: Ծրագրերի ավարտը նախատեսվում է դեկտեմբերի վերջին:

 

Շրջայցի արդյունքում մարզպետ Արամ Խաչատրյանն իր գոհունակությունն է հայտնեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ Ախթալա խոշորացված համայնքի օրինակը վարակիչ կլինի նաև մյուս համայնքների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում