Փոփոխություն Հանրակրթության պետական չափորոշչում
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ պատմության ուսուցանումն այսուհետ կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանրակրթության բարեփոխումները Կառավարության ծրագրի կարևորագույն անելիքներից են:
«Հանրակրթության բովանդակային բարեփոխման և նոր չափորոշչի ներդրման գործընթացում առանցքային հայեցակարգային փոփոխությունն այն է, որ միայն գիտելիքի վրա հիմնված կրթությունից անցում է արվում կարողունակությունների ձևավորմանը միտված կրթության, որտեղ կարևոր են թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը, թե՛ արժեքներն ու դիրքորոշումները: Չափորոշչում սահմանված են 8 առանցքային կարողունակություններ, որոնցից մեկը ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունն է: Դրա համաձայն` սովորողները պետք է նպաստեն ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը: Նրանք ճանաչողության միջոցով պետք է ձևավորեն հայրենիքի նկատմամբ սեր, գիտակցեն ՀՀ սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողները պետք է արժևորեն մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորեն սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Պետք է ճանաչեն մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտները, համակողմանի վերլուծեն դրանք, ցուցաբերեն նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նա ընդգծել է՝ պատմության ուսուցանումն առանցքային է նշված խնդիրների իրականացման տեսանկյունից: Չափորոշչով սահմանված է Հայրենագիտության, հասարակության և հասարակական գիտության բնագավառը, որի շրջանակում պետք է ներկայացվեն Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները: Չափորոշչի մեկ այլ կետով՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան: Ըստ նախարարի՝ «Հայք» բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է «Հայաստան, հայեր», սակայն իրավական պետության պատմության ներկայացման, դասավանդման գործընթացում պետության անունը և պետականության գաղափարը կարևորելու առաջնահերթություն կա:
«Այդ իսկ պատճառով պատմության ուսուցանումն առաջարկվում է իրականացնել ոչ թե «Հայոց պատմություն», այլ «Հայաստանի պատմություն» անվան ներքո: Պատմության ուսուցումը, առաջին հերթին, պետք է միտված լինի Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը: Սա հնարավորություն կտա սովորողների համար շատ ավելի տեսանելի և համակարգային ներկայացնել պատմությունը՝ ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը: Դրա հիմքով սովորողն արդեն պարզեցված տարբերակով կտեսնի ամբողջ պատմության և պետության կապը՝ այս կերպ պետությունն ընկալելով որպես պատմական դրվագների և գործընթացների արդյունք, որը նպաստելու է վերոնշյալ առանցքային կարողունակությունների զարգացմանը: Առարկան անվանելով երկրի պատմություն՝ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը:
«Նորովի են վերագնահատվելու պատմական այն իրադարձությունները, որոնց ընթացքում տեղի է ունեցել նաև պետության կորուստ: Սովորողների մոտ հնարավոր մարտահրավերների նկատմամբ ձևավորվելու է շատ ավելի վերլուծական ու քննական հայացք՝ ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է: Սա նաև նորովի իմաստավորում է տալիս սփյուռքի և դրա գաղթօջախների պատմությանը՝ դրանք փոխկապակցելով ազգային պետություն ձևավորելու և պետությունը զարգացնելու նպատակին: Այն նաև պատմության ուսուցումը դարձնելու է ավելի ներառական, քանի որ հնարավորություն է տալու ուսումնասիրել նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների պատմությունը, որոնք ՀՀ քաղաքացիները են և Հայաստանը որպես հայրենիք են դիտարկում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետականության, անկախության ու ինքնիշխանության գաղափարները դրված են ՀՀ կառավարության ռազմավարության և քաղաքականությունների հիմքում:
«Պետությունը բոլորովին այլ մտածողություն, մշակույթ և հայեցակետ է: Պետք է ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ, որ հասանելի է մեզ: Հանրային կյանքի կենտրոնում պետք է դնենք պետությունն ու պետական ընկալումը: Սա չափազանց կարևոր գործընթաց է»,- նշել է նա:
Նախարարը նիստում ծավալված քննարկման ընթացքում ընդգծել է՝ սա ոչ թե առարկայի բովանդակության փոփոխություն է, այլ այդ բովանդակության ներկայացման փոփոխություն, որի միջոցով շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանն ու պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողություններն ու իրադարձությունները:
«Քանի որ հանրային հարթակում այս նախագիծը վերջին շրջանում դարձել է ամենաշատ քննարկվող նախագծերից մեկը, կուզեի ևս մեկ անգամ պարզաբանել. քննարկումների ընթացքում հիմնական մտահոգությունն այն էր, որ կար տպավորություն, թե առարկան վերանվանելով՝ մենք բովանդակության իմաստով որևէ բան դուրս ենք թողնելու և, օրինակ, երեխաներն այլևս չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ: Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ առարկայի ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, և այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է, վերաբերում է դեպքերի, իրադարձությունների և իրողությունների ներկայացման ձևին, վերագնահատմանը և մեթոդաբանությանը»,- ասել է նախարարը:
Կարծիքներ