Պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտվել. Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք: Այս մասին տեսանյութ է տարածել ԱՀ ԱԱԾ-ն:
Արցախի ԱԱԾ-ի ծավալած օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ. Գ.-ն, հանդիսանալով զինծառայող, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո վերջինիս կողմից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ:
Նշված աղջկա միջնորդությամբ 2021 թվականի փետրվար ամսից բջջային հեռախոսի հավելվածի միջոցով շարունակել է շփումն օտարերկրյա հատուկ ծառայության մեկ այլ ներկայացուցչի հետ և ծառայության բերումով տիրապետելով ՊԲ-ի N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության հետ կապված այլ տեղեկությունների՝ օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի առաջադրանքով 2021 թ. մարտ ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել և բջջային հեռախոսի հավելվածի միջոցով նրան է փոխանցել պետական և ռազմական գաղտնիք կազմող տեղեկություններ, մասնավորապես՝ զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի, զորամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զորամասի կարգացուցակների, Արցախի շրջաններում այլ զորամասերի, ինչպես նաև Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայության աշխատակցի կողմից ուղարկված ևս 1400 ԱՄՆ դոլար վարձատրություն՝ այդպիսով վնաս հասցնելով Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանն ու արտաքին անվտանգությանը:
Լ. Գ.-ն օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից ընդհանուր առմամբ վարձատրվել է 1550 ԱՄՆ դոլարով:
Փաստի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Լ. Գ.-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք: Քննությունը շարունակվում է:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Կարծիքներ