Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի դերը՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ վերջինները պետք է մշտական կապի մեջ լինեն բնակիչների հետ և տեղերում հասկանան առկա խնդիրները:

«Քաղաքում նախաձեռնված լայնածավալ նախագծերին զուգահեռ՝ վարչական շրջաններից յուրաքանչյուրն էլ իր հերթին է ծրագրեր իրականացնում: Շատ կարևոր է, որ դուք մշտական շրջայցերի ընթացքում տեղերում ծանոթանաք վարչական շրջանների խնդիրներին և բնակիչների հետ միասին կարողանանք գտնել արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետը:

Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրեն Ղամբարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 21-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Արմեն Մհերյան նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում