Գորշ արջերի կողմից բնակիչներին հասցրած վնասների դեպքերը գտնվում են ՇՄ նախարարության ուշադրության կենտրոնում
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
Այս մասին հայտնում են Շրջական միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էում՝ հավելելով, որ երեկ նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։
Հաղորդագրության համաձայն, հիմնախնդիրը լուրջ է, քանի որ իր մեջ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին սպառնացող, ինչպես նաև բնապահպանական կարևոր բաղադրիչներ, այդ իսկ պատճառով գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Խնդրին լուծումներ տալու նպատակով նախարարությունում պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություններ են հրավիրվում։
Նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգի վերաբերյալ այսօր խորհրդակցություն կհրավիրվի համայնքի ներկայացուցիչների, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ գորշ արջը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և կենդանուն սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Կարծիքներ