Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով հերթական դատական նիստը, քանի որ պաշտպաններից մեկը բացակա էր: Լրագրողների հետ զրույցում ՊՎԾ նախկին պետը նշեց. «Ինչպես տեսաք անհիմն պատճառով նիստը չկայացավ, բայց նաև այս միջոցով դատավարության մասնակիցներին կոչ եմ անում ժամանակին գալ դատարան: Չի կարելի այսպես անել, ես կես ժամ շուտ մտել եմ դատարան: Մի քանի ամիսը մեկ է նիստը լինում, անընդունելի է: Մենք հաջորդ դատին կանենք առաջարկներ: Հարցին, արդյոք ուշանալու մեջ միտում տեսնում է, Սանասարյանը պատասխանեց. «Չեմ ուզում նման միտում տեսնել, բայց այն, որ դատը դանդաղ է տեղի ունենում, դա շատ վատ է»: Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշեց. «Դատարանները շատ ծանրաբեռնված են աշխատում և այդ հարցը դատավորը նախորդ նիստին բարձրացրել էր: Իր ծանրաբեռնվածությունը վկայակոչելով՝ դատավորը մի քանի անգամ խնդրել էր, որպեսզի դատավարության մասնակիցները չուշանան: Նման պայմաններում միտում փնտրելու խնդիր լինել չի կարող: Չեմ կարծում, որ մեր կոլեգան էլ միտումնավոր է ուշանում: Մենք բոլորի դրության մեջ մտնում ենք, բայց ունենք իրողություն, որ անմեղ մարդը եկել է դատարան և ուզում է արագ արդարադատության գործընթացում իր՝ արդար լինելը ցույց տա, բայց ինչքան կարող է սպասել արդարադատության»: Արսեն Սարդարյանն ընդգծեց՝ դատավորին չի մեղադրում, բայց ամիսներով ձգձգվում է գործընթացը և կարող է տևել տարիներ: Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում