Պետք է լինես այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել. Աննա Վարդապետյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, մարտի 13-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին, պատասխանել է նրանց հարցերին:
Ուսանողների հետ զրույցի ընթացքում քննարկվել են դատախազի կերպարը, դատախազական գործունեության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները, դատախազական գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները և այլ հարցեր:
Պատասխանելով ապագա իրավաբան Մելինե Մանուցյանի այն հարցին, թե ինչու է համաձայնել ստանձնել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, Աննա Վարդապետյանն անդրադարձել է առաջարկն ընդունելու վերաբերյալ իր որոշման հիմնական պատճառին:
«Երկար ժամանակ չունեի մտածելու: Մի գործոն կար, որ լուրջ ազդեցություն ունեցավ որոշմանս վրա. եթե ես ուզում եմ ինչ-որ բան փոխել, եթե ես դժգոհություն ունեմ արդարության վիճակից, ուրեմն ինքս պետք է լինեմ այն փոփոխությունը, որը ցանկանում եմ տեսնել: Եթե ես պատրաստ չեմ այդ փոփոխությունը դառնալ, ինչո՞ւ եմ դա ուրիշից պահանջում: Եթե ես ուզում եմ, որ գլխավոր դատախազը լինի անզիջում, ապա ամենաառաջին անզիջումը պետք է լինեմ ես: Դա, իհարկե, առաջացրել է բազմաթիվ դժվարություններ, որովհետև նույնիսկ ինձ երկար ժամանակ ճանաչող մարդիկ պատրաստ չեն ընդունել, որ ինչ-որ երևույթների հանդեպ ես ներողամիտ չեմ: «Չէ»-ն ասելուց հետո սկսվում է բարոյական ճնշումը՝ «դու խնդրանքին ուշադրություն չես դարձնում», «մեծամտացել ես»: Մարդիկ պատրաստ չեն լսել քո «ոչ»֊ը: Ես այդ աղմկոտ ճանապարհն անցնում եմ` «ականջներս փակելով»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:
Ուսանողուհի Տաթև Մխիթարյանի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա ապագա դատախազներին և գլխավոր դատախազին ՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է.
«Չվախենալ, չգնալ զիջումների, որոնց արդյունքում ոտնահարվելու են սկզբունքներդ, և լինել ազնիվ՝ ինքդ քեզ և հարազատ մարդկանց հետ»:
Էտալոնային կերպար ունենալու հարցին ի պատասխան՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է երկու կնոջ՝ Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերին, որը պաշտոնը ստանձնել է երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում, և Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Դորիս Լեսսինգին:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպման համար և հետագայում, Դատախազությունում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողներին, առաջարկել օգտվել քաղաքացիական ծառայության համակարգում ներդրված փորձնակի ինստիտուտի հնարավորությունից և Դատախազության աշխատակազմին միանալով՝ փորձառություն ձեռք բերել:
Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ուսանողների հետ խոսել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումներից՝ ուղղված անհրաժեշտ հմտություններ ունեցող բարեվարք, արդարամիտ և օրինակելի դատախազներ ունենալուն, ինչպես նաև անդրադարձ է կատարել Դատախազության 105-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումներին՝ դատախաղերին, գիտաժողովներին, գիտական բանավեճերին, դպրոցներ նախատեսվող այցերին:
Կարծիքներ