Եթե Զելենսկին Պուտինի հետ համաձայնագիր չստորագրի, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հավատում է Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մոտալուտ ավարտին: Նա նշել է՝ եթե Կիևը համաձայնագիր չստորագրի Մոսկվայի հետ, ապա նրանք ստիպված կլինեն կապիտուլյացիայի ակտ ստորագրել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը՝ Ռուսաստանի գործողությունը, կավարտվի խաղաղությամբ»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական «TBS» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միաժամանակ, Բելառուսի նախագահը կարծիք է հայտնել, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիր չկնքի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել։
«Առաջին անգամ ես ձեզ կասեմ գլխավորը՝ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային, Պուտինը՝ Զելենսկիին, ես դա գիտեմ բացարձակ վստահությամբ, պայմանագրի բացարձակապես ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ հնարավոր է, որ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության գան, իսկ Զելենսկին Պուտինի հետ ստորագրի այս համաձայնագիրը։ Եթե Զելենսկին չհամաձայնի դրան, ապա, հավատացեք, նա ստիպված կլինի կարճ ժամանակում ստորագրել կապիտուլյացիայի ակտ»,- ասել է բելառուսական պետության ղեկավարը։
Կարծիքներ