Շուրջ 3.6 մլն դոլար. Ալավերդիում վերակառուցվում է Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 վթարային դպրոցը
Ամբողջովին ապամոնտաժվել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վթարային շենքն ու տեղում կառուցվում է հիմնովին նոր դպրոց` համահունչ ժամանակի հրամայականին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Դպրոցը հագեցած է լինելու լաբորատորիաներով, ռոբոտաշինության սենյակներով լիովին նոր գույքով, վերելակներով: Կառավարությունը նոր դպրոցի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 496 մլն դրամ (շուրջ 3.6 մլն դոլար)։
Գրառման մեջ նաև ասված է.
«Պարբերաբար այցելել եմ շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Ստորև հրապարակված լուսանկարներում կառուցվող դպրոցի նախագիծն է և կադրեր շինհրապարակից։
Սա Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում Ալավերդի քաղաքում կրթության ոլորտի հետ կապված ամենախոշոր ծրագիրն է։ Ջանք չեմ խնայի, որ 300 դպրոցի կառուցման/հիմնանորոգման ծրագրում ընդգրկվեն համայնքի այլ դպրոցներ ևս»։
Կարծիքներ