Հարվածներ՝ դանակով ու երկաթե ձողով. 15-17 տարեկան պատանիների թեժ վիճաբանության հետևանքով կան տուժածներ
Ապրիլի 11-ին՝ ժամը 21:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդվել էր, որ գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 16-17 տարեկան երեք պատանի:
Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխվածներից մեկին դանակահարել էր 15-ամյա պատանին, մյուսին մետաղյա ձողով մարմնական վնասվածքը պատճառել էր 17-ամյա պատանին:
Նրանք տվել են խոստովանական ցուցմունք, նաև հայտնել, որ դեպքից հետո դանակն ու մետաղյա ձողը նետել են գետը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ պատանուն մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ