Կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը. Բաբկեն Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և նպաստների բարձրացմանն ու այս տեղեկատվության շուրջ առկա արձագանքներին:
Գրառման մեջ ասված է.
«Ինչպես արդեն հայտարարվեց, 2022թ. սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակները և նպաստները:
Քանի որ աչքովս ընկան որոշ հեգնական և քննադատական գրառումներ, որոշ պարզաբանումներ ներկայացնեմ կենսաթոշակների վերանայման վերաբերյալ:
1.3000 հազար դրամով (18 հազարից 21 հազար) ավելանում է ոչ թե միջին, այլ հիմնական (բազային) կենսաթոշակի չափը, որի հիման վրա հաշվարկվում է աշխատանքային կենսաթոշակը:
Այսինքն, այն հիմնական թոշակը, որի վրա կախված ստաժից գործակիցներ են կիրառվում, և մարդը ստանում է ավելի շատ: Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակն ավելանում է առնվազն 3000 դրամով:
2.Բացարձակ առումով 3000 դրամն իհարկե մեծ թիվ չի թվում, սակայն տոկոսային առումով սա նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի:
3.Սա միջանկյալ բարձրացում է՝ սեպտեմբերի 1-ից: 2023 թվականի հունվարի 1-ից ևս մեկ անգամ թոշակները կվերանայվեն, ինչպես հայտարարվել է:
Կառավարությունը իր 2021-2026թթ. ծրագրով խոստացել է, որ մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից,
իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից՝ անկախ նրանից, թե որքան կարժենան պարենային և սպառողական զամբյուղները:
4.Սա նշանակում է, որ կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը:
5.Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կկարողանա հոգալ գոնե մինիմալ կարիքները:
Որքան էլ ոմանց սա դուր չգա, որքան էլ նեղվեն, որ կառավարությունը անելու է այն, ինչ իրենց 20 տարի չի հաջողվել, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա իրականություն դառնա»:
Կարծիքներ