«Հակառակ կողմի դիրքորշումը մերժողական չէր». «բնիկ երևանցիները» հանդիպել են պատգամավորների հետ

«Հակառակ կողմի դիրքորշումը մերժողական չէր». «բնիկ երևանցիները» հանդիպել են  պատգամավորների հետ

Գույքահարկի շեմերի փոփոխությունների հետ կապված մեր քննարկումների արդյունքում պատգամավորներն առաջարկեցին միջանկյալ տարբերակ, որն երկխոսության համար դռները չի փակում, բայց նաև այն չէ, ինչ մենք էինք առաջարկում: Այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ, «Բնիկ երևանցի» ֆլեշմոբի կազմակերպիչ Վահան Արծրունին:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ համացանցում «բնիկ երևանցի» ֆլեշմոբ է սկսվել։ Քաղաքական գործիչները, մտավորականներն ու սովորական օգտատերերն իրենց էջերում տեղադրում են «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» գրությունը: Խոսքն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։ Ֆլեշմոբին ու քաղաքացիների անհանգստությանն արձագանքել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ու առաջարկել հանդիպել: 

«Մեր պահանջներից մեկն այն էր, որ հետ կանչվի օրենքը, սակայն պարզվեց, որ նախագահի ստորագրելուց հետո այն արդեն ենթակա չէ հետ կանչման: Բայց մեզ ասացին, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը մեկ ու կես տարի կա, և օրենսդրությունը թույլ է տալիս անհրաժեշտ լրացումներ և խմբագրումներ կատարել»,-ասաց Արծրունին:

Նա հայտնեց, որ հակառակ կողմից դիրքորոշումը մերժողական չէր, ավելին՝ առաջարկել են այդ մեկ ու կես տարիների ընթացքում համագործակցել. «Պատգամավորներն ասացին, որ բաց են քննարկումների համար, քանի որ մեր կողմից քննարկմանը մասնակցում էինք 6 հոգով, և հանրության դիրքորշումը չէինք կարող ներկայացնել: Դրա համար հարկավոր է հանրային քննարկում, որը, սակայն, Ազգային ժողովը չէր կազմակերպել ու շրջանցել էր սահմանադրական պարտավորությունը»:

Մշակութային գործիչն ավելի մանրամասն չներկայացրեց քննարկման արդյունքներն ու ընթացքը՝ նշելով, որ մանրամասները կհրապարակեն միայն հանդիպման վիդեոարձանագրության հրապարակումից հետո:

«Ինձ այսօր առավոտյան տեղեկացրին, որ տեխնիկական պատճառներով վիդոարձանագրությունը դեռ չկա, սակայն այսօր անպայման այն կտեղադրվի համացանցում: Պարտասրվում ենք նաև տեքս հրապարակել, որը միասնական է»,-ամփոփելով խոսքն ասաց Վահան Արծրունին:

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում