106.3 մլն դրամ հափշտակելու գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում` ՊՆ լրատվականի նախկին պետը և 2 աշխատակից
Հայաստանի քննչական կոմիտեն այսօր հայտնում է Պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021 թվականների ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106 միլիոն 300 հազար դրամի հափշտակության հանգամանքները պարզելու մասին: ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 5 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետը և երկու աշխատակիցներ:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համագործակցությամբ կատարված նախաքննությամբ պարզվել է, ասված է ՔԿ հաղորդագրությունում, «որ Գ.Ա.-ն [Գևորգ Ալթունյանը], զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը [...] և սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 և 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106 միլիոն 300 դրամ»:
Առերևույթ հանցավոր արարքներ կատարելու համար երեկ Հայաստանի նախկին Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ այդ թվում խարդախության, պաշտոնեական կեղծիքի և դրանց հանցակցության հատկանիշներով, մեղադրանքներ են ներկայացվել հիշյալ 5 անձանց, որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան` Գ.Ա.-ի, Ս.Ա.-ի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձերբակալվածների դիրքորոշումը մեղադրանքների վերաբերյալ առայժմ հայտնի չէ:
Կարծիքներ