«Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը». ԱԳՆ

«Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը». ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ:

Հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից էական դեր էր խաղացել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում, հայ ընտանիքներն ու անհատները հիմնել, տնօրինել ու ղեկավարել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, մշակութային և կրթական հաստատություններ: Արդյունքում՝ Բաքվի հայերը թողել են միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն՝ հաջորդիվ զրկված լինելով դրա դիմաց որևէ փոխհատուցում ստանալու հնարավորությունից։

1990 թ. հունվարին Բաքվում հայ բնակչության կոտորածին, որը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել երբեմնի 250-հազարանոց հայ համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գյանջա) քաղաքներում ավելի մասշտաբային ջարդերը։

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Ավելին, ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին, և կեղծվեցին նրանց հարուստ պատմությունն ու ժառանգությունը: 

Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում