Չինաստանի Սիան քաղաքում բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը
Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հկ-ի, Երևանի պատմության թանգարանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն։ Բացմանը ներկա են եղել պաշտոնական հյուրեր, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, այցելուներ։ Բացման օրվանից ցուցահանդեսի օրական այցելուների թիվը գերազանցել է 10000-ը: Բացման արարողությունից հետո Երևանի պատմության թանգարանի փոխտնօրենը երկժամյա դասախոսությամբ ներկայացրել է Հայաստանի և մայրաքաղաքի պատմությունն ու մշակույթը։
Նշենք, որ Չինաստանում հայկական մշակույթի ցուցադրությունները մեկնարկել էին դեռևս հունվարին՝ Նինբոյի թանգարանից։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 18-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում շարունակելով կարևոր ավանդույթները։
«Հայ-Չինական Գործընկերության Կենտրոն» հկ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում 2017թ-ին և նպատակ ունի երկու երկրների միջև զարգացնել գործընկերությունը մշակույթի, գիտության, կրթության և բիզնեսի ոլորտներում ՝ բիզնես համագործակցության, կրթական նախագծերի իրականացման, գիտական հետազոտությունների և մշակութային փոխանակումների միջոցով, ինչը վերջնական արդյունքում նպաստում է Հայաստանի հանրահռչակմանը և ճանաչելիության բարձրացմանը:
Կարծիքներ