Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Զալուժնիի օգնականը զոհվել է ծննդյան նվերում գտնվող նռնակի պայթյունից
Կիևի մարզի Չայկի գյուղում նոյեմբերի 6-ի երեկոյան ծննդյան նվերում գտնվող նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական Գենադի Չաստյակովը։ Նրա 13-ամյա որդին ծանր վիրավորում է ստացել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ նվերը եղել է տուփի տեսքով, որում դրված է եղել մեկ շիշ ալկոհոլային խմիչք և 6 նռնակ։ Չաստյակովը նոյեմբերի 6-ին տոնում էր իր 39-ամյակը։
Պարբերականը նռնակները նվիրողի ինքնությունը չի բացահայտում, սակայն նշում է, որ նվերի հեղինակը նվերը տալիս նշել է, որ դրանք մարտական են, սակայն Չաստյակովը դա, ըստ երևույթին, լուրջ չի ընդունել։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ Չաստյակովը նվերներով աշխատանքից վերադարձել է տուն և սկսել է հարազատներին ցույց տալ դրանք։ Երեխան սկսել է պտտել նռնակի օղակը։
«Այնուհետև զինծառայողը երեխայի ձեռքից վերցրել է նռնակը և հանել օղակը՝ առաջացնելով ողբերգական պայթյուն։ Բնակարանում ոստիկանությունը գտել է ևս 5 չպայթած նռնակ։ Դրանք կուղարկվեն փորձաքննության», - հավելել է Կլիմենկոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը համարվում է դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել զինամթերքի հետ անփույթ վարվելու հետևանքով։
Վալերի Զալուժնին արձագանքել է միջադեպին՝ նշելով, որ զոհվածն իր մտերիմ ընկերն էր և հուսալի գործընկերը։
Կարծիքներ