Հունաստանի նկատմամբ Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը հեշտ չի լինի փոխել ընտրություններից հետո. Միցոտակիս
Ռևիզիոնիզմը խորապես արմատավորված է թուրքական երկու առաջատար կուսակցություններում, և այդ երկրի քաղաքականությունը, որը շատ հարցերում հավակնություններ է ներկայացնում Հունաստանին, հեշտ չի լինի փոխել Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո։ Այս կարծիքն այսօր հայտնել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են երկրի մի քանի հեռուստաալիքներ։
Միցոտակիսին հարցրել են, թե ակնկալու՞մ է, որ ընտրություններից հետո Հունաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը կփոխվի։ «Թուրքիայում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ չեմ անի, բայց կարծում եմ, որ Հունաստանի նկատմամբ թուրքական քաղաքականությունը հեշտ չէ փոխել մեկ գիշերում, և թուրքական ռևիզիոնիզմը կարծես թե խորապես արմատավորված է երկու առաջատար կուսակցությունների մեջ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ իսկապես կան զգալի դժվարություններ հարաբերությունների կարգավորման հարցում։
Ըստ Հունաստանի վարչապետի՝ Թուրքիան գիտակցում է, որ պետք է ամբողջությամբ վերանայի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, և եթե դա տեղի ունենա, հնարավոր կլինի համատեղ քննարկել միակ վիճելի հարցը՝ ծովային գոտիների սահմանազատումը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում:
Միցոտակիսն ասել է, որ անձամբ կզանգահարի շնորհավորելու նախագահական ընտրությունների հաղթողին և հանդիպում կառաջարկի՝ առաջիկա տարիներին երկկողմ հարաբերությունների շրջանակը սահմանելու համար։
«Սակայն, ես ընդգծում եմ, որ Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնական հիմքը պաշտպանական ոլորտում և միջազգային մակարդակով համագործակցությունը երկիրը ամրապնդելու համար չի փոխվում: Մենք դատապարտված չենք անընդհատ լարված վիճակում ապրելու, բայց ես միամիտ չեմ և միշտ պետք է պատրաստ լինեմ և՛ լավագույն, և՛ վատագույն սցենարին:
Մենք չենք ձգտում լարվածություն Թուրքիայի հետ և չենք ցանկանում մշտապես զբաղված լինել մեր զսպման կարողությունների ուժեղացմամբ, բայց դա պարտավորություն է հարևանի հանդեպ, որը պարզվեց, որ անկանխատեսելի է»,- ասել է վարչապետը։
Կարծիքներ