Աննա Հակոբյանը այցելել է Տավուշի մարզի Բերդավան ու Հաղթանակ գյուղեր, Ղալինջաքար ամրոց
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բերդավան բնակավայր: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, գյուղի միջնակարգ դպրոցի մոտ նրան դիմավորել են «Բերդավան» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Սմբատ Մուղդուսյանը և Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Նասիբյանը:
«Սմբատ Մուղդուսյանը, Աննա Հակոբյանին ներկայացնելով հիմնադրամի առաքելությունը, նշել է, որ իրենց նպատակն է աջակցել գյուղին ու գյուղացիներին: Այն ստեղծվել է 2021 թվականին: Իրականացվում են տնտեսական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր: Նպատակ ունեն բարելավել բերդավանցիների կենսապայմանները, փորձում են գյուղում զբաղվածություն ապահովել, աշխատատեղեր բացել:
Կառույցի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ նաև նորոգվել են միջնակարգ դպրոցի որոշ հատվածներ: Հիմնադրամը դպրոցում ոչ ֆորմալ խմբակներ է բացել` բանավեճի և առաջնորդության ակումբներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը զրուցել է աշակերտների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերի շրաջանակին, հորդորել լավ սովորել, այնքան զարգացնել հայրենի գյուղը, որ գյուղից հեռանալու կարիք չլինի:
«Բերդավան» հիմնադրամը կառուցել է նաև գյուղի բարձունքում գտվող` 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշահամալիրը, որտեղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Նշվում է, որ Աննա Հակոբյանն այցելել է նաև 10-11-րդ դարերում կառուցված Բերդավանի ամրոց, որը հայտնի է նաև Ղալինջաքար անվամբ: Այն վերակառուցվել է 17-րդ դարում: Ամրոցի տարածքում Աննա Հակոբյանին ներկայացրել են Ղալինջաքարի պատմությունը:
Տավուշի մարզում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերջին կանգառը Հաղթանակ գյուղում էր, որտեղ նա հյուրընկալվել է այգեգործ Յուրի Խաչատրյանին։
Յուրի Խաչատրյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է, որ նպատակ ունի 20 տարեկան այգին աստիճանաբար թարմացնել, նոր մրգատեսակներ աճեցնել, նաև չրերի արտադրամաս հիմնել: Բերքը հիմնականում իրացնում են Հայաստանում, վերջին 3 տարում որոշ խմբաքանակ՝ նաև արտահանում: Խաչատրյանի նպատակն է ընդլայնել տնտեսությունը։ Այդ առումով Աննա Հակոբյանը նրան խորհուրդ է տվել դիմել պետական աջակցության ծրագրերին մասնակցության համար:
Կարծիքներ