Ընդդիմության ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկումը թեժ է ընթանում, իշխանական պատգամավորները լքեցին դահլիճը, հետո վերադարձան
ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկումը թեժ մթնոլորտում է անցնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածու Էդգար Ղազարյանը ելույթի սկզբում իշխանության մասին խոսելիս՝ օգտագործեց «հանցավոր ռեժիմ» արտահայտությունը, ինչը վեճի առիթ դարձավ, արձագանքեցին, միջամտեցին իշխանական պատգամավորները: Իրավիճակը լարվեց հանձնաժողովի նիստում:
Էդգար Ղազարյանը խոսեց նաև ՄԻՊ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Անահիտ Մանասյանի մասին: Նա նշեց՝ Սահմանադրության պահանջներից է, որ առաջադրված թեկնածուն պետք է լինի հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ։ «Առաջադրված թեկնածու Անահիտ Մանասյանի կենսագրական տվյալները, որոնք հրապարակված են բաց աղբյուրներում, Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում, վկայում են այն մասին, որ նա երբևէ հասարակական, այդ թվում՝ իրավապաշտպան գործունեությամբ չի զբաղվել: Հետևաբար, նա չի կարող հանրային հեղինակություն ունենալ: Սա Սահմանադրության կոպիտ խախտում է, սա անհավասար պայմաններ է ստեղծում»,-ասաց Ղազարյանը:
Թեկնածուն նաև նշեց, որ իշխանության թեկնածու Անահիտ Մանասյանը հենց հանձնաժողովի նիստի պահին էլ հանդիսանում է Գլխավոր դատախազի տեղակալ: Ըստ Ղազարյանի՝ դա ևս խախտում է:
Ղազարյանի ելույթի ժամանակ իրավիճակը կրկին լարվեց, երբ նա 2018-ի հեղափոխությունը որակեց «ադրբեջանաթուրքական»: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց՝ ինչպե՞ս է հեղափոխություն արած ժողովրդին նման որակում հնչեցնում: «Լեզուն կկտրենք նրա, ով մեր ժողովրդին անվանի «ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ»,-ասաց Հովհաննիսյանը:
Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ:
Նիստին եկավ նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նա կոչ արեց հարգել Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդավարական արժեքները: «Խոսքի ազատությունը կարևորագույն հենասյունն է, որը մենք պետք է պաշտպանենք»,-ասաց նա:
Վարդանյանը հավելեց՝ կցանկանա լսել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ելույթն առ այն, որ խոսքի ազատությունն ունի նաև սահմանափակումներ: Վարդանյանն իր գործընկերներին խնդրեց թույլ տալ, որ Էդգար Ղազարյանն ավարտի ելույթը: Իսկ Էդգար Ղազարյանին խնդրեց թույլ տալ հնարավորինս ներկայացնել իր տեսլականը մարդու իրավունքների վերաբերյալ, ներկայացնել ելույթ, որը հարիր է ՄԻՊ-ին:
Թագուհի Թովմասյանն այս ելույթից հետո Ղազարյանին առաջարկեց շարունակել ելույթը՝ առանց որակումների: Նա հորդորեց Ղազարյանին ներողություն խնդրել, եթե քաղաքացիների հասցեին վիրավորանք է հնչեցրել:
Էդգար Ղազարյանն էլ ասաց. «2018-ին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելով՝ ես նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ «շահառուներին», որոնք շահել են այդ իրադարձությունների արդյունքում»:
Այս արտահայտությանը ևս արձագանքեցին իշխանական պատգամավորները:
Էդգար Ղազարյանը նշեց՝ ՄԻՊ-ը պետք է փորձի պարզել 44-օրյա պատերազմում զոհերի մահվան պատճառը՝ զոհերի թիվը նշելով 5000-ից ավելի: Արթուր Հովհաննիսյանը միջամտեց և նա հորդորեց զոհերի թիվը չավելացնել:
Կրկին վիճաբանություն սկսվեց: Արթուր Հովհաննիսյանն իր խմբակցության գործընկերներին հորդորեց դրսում սպասել, թույլ տալ, որ թեկնածուն ավարտի ելույթը, այնուհետև կվերադառնան քվեարկությանը: Այսպիսով՝ Ղազարյանը ելույթը շարունակեց պատգամավորներից միայն Թագուհի Թովմասյանի ներկայությամբ՝ նշելով, որ իրենց հաջողվեց ԱԺ-ից «վռնդել» իշխանական թիմին:
Որոշ ժամանակ անց իշխանական պատգամավորները վերադարձան հանձնաժողովի նիստ:
Կարծիքներ