Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։
«Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային որևէ՛ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ որևէ՛ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։
Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման։
Ուստի «Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք անհապաղ հերքել ստահոդ լուրերը, ձեռնպահ մնալ զրպարտանքի և չստուգված տեղեկությունների տարածումից՝ առաջնորդվելով մասնագիտական էթիկայի և տեղեկատվության հավաստիության սկզբունքներով»,- ասվում է հաղորդագրությունում։


Կարծիքներ