Նունե Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Հայաստանի տարբեր մարզերի փոքրիկների հետ
«Զանգակ» հրատարակչության նախաձեռնած վեբինարների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, իր հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ անմիջական զրույց է ունեցել Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ երեխաների հետ:
Տիկին Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ, մասնավորապես, քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը, պատասխանել հեքիաթի հերոսներին, ստեղծագործական դժվարություններին ու ոգեշնչմանը, սիրելի գրքերին վերաբերող նրանց տարաբնույթ հարցերին:
Երեխաները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տպավորությունները «Կախարդական կոճակներ» հեքիաթի մասին, նշել իրենց սիրելի հերոսներին, նաև հարցերի միջոցով գաղտնիքներ բացահայտել գրքում նկարագրված պատմության վերաբերյալ:
Տեղեկացնելով, որ ինքը ներկայում գրում է «Կախարդական կոճակներ» գրքի երկրորդ մասը՝ տիկին Սարգսյանը երեխաներին խնդրել է իրենց գաղափարները ներկայացնել հեքիաթի շարունակության վերաբերյալ:
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմանններում երեխաների առօրյային՝ Նունե Սարգսյանը վեբինարի մասնակիցներին կոչ է արել ամբողջ օրը համակարգչի առաջ չանցկացնել, այլ՝ լինել մաքուր օդում, գրքեր կարդալ, խաղալ իրենց քույրերի ու եղբայրների, ընկերների հետ:
Հեռավար հանդիպման ավարտին տիկին Սարգսյանը երեխաներին մաղթել է առողջություն, ուրախ ամառ՝ հույս հայտնելով, որ հանդիպելու այլ առիթներ կրկին կստեղծվեն:
Կարծիքներ