Իտալացի պատգամավորները ստացել են համավարակից տուժած քաղաքացիների համար նախատեսված պետական աջակցության գումարները
Իտալիայի կառավարությունը փորձում է հայտնաբերել մի շարք պատգամավորների, որոնք ստացել են կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքներից տուժած քաղաքացիների համար նախատեսված պետական աջակցության գումարները, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը հինգ պատգամավորի մասին է:
Հաղորդվում է, որ պատգամավորները դիմել են սոցիալական ապահովության և կենսաթոշակի հարցերով գործակալությանը, որպեսզի ամսական 600-1000 եվրոյի պետական աջակցություն ստանան:
Այս բացահայտումն իրական սկանդալ է առաջացրել Իտալիայում. բոլոր կուսակցությունների ղեկավարները պահանջել են հրապարակել օրենսդիրների անունները, որպեսզի վերջիններս զրկվեն մանդատից:
Ենթադրվում է, որ նրանցից երեքը «Լիգա» կուսակցությունից են, մեկը՝ «Հինգ աստղ» շարժումից, մյուսը՝ «Իտալիա, վիվա» կուսակցությունից: Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոն հայտարարել է, որ ամսական 13 000 եվրո աշխատավարձ ստացող պատգամավորները պետք է խոստովանեն իրենց արարքն ու հեռանան:
«Իտալացիներն իրավունք ունեն իմանալ՝ ով է չարաշահել իրենց վստահությունը: Նրանք երկրի դեմ են գնացել ամենածանր ժամանակահատվածում»,-նշել է պաշտոնյան:
Աղբյուրը նկատում է, որ այս սկանդալն առանձնապես վրդովվեցրել է շարքային իտալացիներին, քանի որ հազարավոր քաղաքացիներ չեն ստացել պետական աջակցության գումարները:
Նշվում է, որ պատգամավորները ստացել են պետական աջակցության այն գումարները, որոնք նախատեսված են եղել անկախ աշխատողների, այդ թվում՝ ֆրիլանսերների համար: Նրանք կարողացել են գումարը ստանալ այն պարզ պատճառով, որ աջակցության ծրագրում ներառված անձանց հետ ունեն հարկատուի՝ ԱԱՀ-ի միևնույն գրանցման թիվը, ուստի՝ տեխնիկապես նրանք որևէ ապօրինի բան չեն արել:
Կարծիքներ