Մարտի 8-ի կապակցությամբ կանանց իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրվի
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մարտի 9-10-ին ՀՀ փաստաբանական գրասենյակները, փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Փաստաբանների պալատից, նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև՝ բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:
Միջոցառմանն արդեն իսկ միացել են 5 տասնյակից ավելի փաստաբաններ և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակներ՝ իրենց թիմերով, ինչպես նաև՝ Փաստաբանական ակադեմիան:
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:
Կարծիքներ